Թեղուտի հանքավայրի վաճառքն ավարտվեց. Նոր սեփականատերը հայտնի չէ
ՎՏԲ բանկը հայտարարել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի վաճառքի գործընթացի ավարտի մասին։ Ընկերության բազմամիլիոնանոց պարտքը սկզբնական շրջանում գնվել է տեղական ընկերության կողմից, որից հետո անցել է անհայտ մնացող գլխավոր ներդրողի։
Հիշեցնենք, որ Թեղուտի հանքավայրը, որը նախկինում պատկանում էր գործարար Վալերի Մեջլումյանին՝ «Վալլեքս գրուպ» ընկերության միջոցով, 2018 թվականին անցավ ռուսական պետական մասնակցությամբ ՎՏԲ բանկին՝ վարկային պարտավորությունների չկատարելու հետևանքով։ Բանկը, որպես հանքարդյունաբերության ոլորտից դուրս գործող ֆինանսական կառույց, որոշեց ակտիվը վաճառել։
Վաճառքի գործընթացը պաշտոնապես սկսվեց այս տարվա ամռանը։ Հուլիսի 7-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը թույլ տվեց «Կուպրար ՌԱ» ընկերությանը ձեռք բերել «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մեծամասնությունը։
«Կուպրար ՌԱ»-ն հիմնադրվել է այս տարվա փետրվարին նախկին պետական պաշտոնյա և բանկիր Սերգեյ Վիրաբյանի կողմից։ Ներկայումս ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է իրավաբան Արտյոմ Գեղամյանը, ով նախկինում աշխատել է «Վալլեքս գրուպ»-ում։
Սերգեյ Վիրաբյանը հաստատել է, որ «Կուպրար ՌԱ»-ն ձեռք է բերել ՎՏԲ-ի հանդեպ «Թեղուտ»-ի պարտքը բիզնես նպատակներով՝ այն այլ անձի վերավաճառելու համար։ Նա հրաժարվել է բացահայտել վերջնական գնորդի ինքնությունը՝ վկայակոչելով առևտրային գաղտնիքը։ Ըստ աղբյուրների՝ ձեռքբերմամբ խիստ հետաքրքրված է եղել հեռահաղորդակցության ոլորտի գործարար, «Վիվա Արմենիա»-ի սեփականատեր Կոնստանտին Սոկոլովը։
«Թեղուտ»-ի ֆինանսական բեռը բավականին ծանր է եղել. 2024 թվականի հաշվետվությունների համաձայն՝ չմարված վարկային պարտավորությունների ծավալը գերազանցել է 440 միլիոն դոլարը։ 2022 թվականի գարնանը հանքավայրի աշխատանքը խաթարվել էր աշխարհաքաղաքական պատճառներով, սակայն հետագայում արտադրությունը հաջողվեց վերականգնել։ Ընկերությունը 2024 թվականի վերջին արտահանել է 88 հազար տոննա պղնձի խտանյութ։ Նոր սեփականատիրոջ պայմաններում ակնկալվում է հանքավայրի արդյունահանման ծավալների կայունացում և ֆինանսական պարտավորությունների վերջնական կարգավորում։