Հայաստանում ընդամենը 4 ձկնարդյունաբերական տնտեսություն է կարողանում արտահանել Եվրոպա
Հայաստանում գործող ձկնարդյունաբերական ոլորտի առանձնահատկությունն այն է, որ շուկայում գործում է ընդամենը չորս տնտեսություն, որոնք ունեն հնարավորություն իրենց արտադրանքը արտահանել Եվրոպա։ Այս մասին հայտարարել է «Հայ ձկնարտադրողների և արտահանողների միություն» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից Հայաստանից ձկան ներմուծման նկատմամբ սահմանափակումների կիրառությունից հետո տնտեսավարող սուբյեկտների մոտ նոր իրողություններին հարմարվելու տեսանկյունից հետընթաց է նկատվում։ Աթոյանը նշել է, որ սա արդեն երրորդ անգամն է, երբ Ռուսաստանը քաղաքական պատճառներով փակում է իր շուկան հայ ձկնարտահանողների համար, ինչը հանգեցնում է արտադրության ծավալների կրճատման։
Փորձագետը պարզաբանել է, որ արտադրողները պետք է հասնեն այն մակարդակի, որ իրենց արտադրանքը համապատասխանի Եվրոպայի բուսասանիտարական պահանջներին։ Այս գործընթացը պահանջում է զգալի ֆինանսական ներդրումներ և ժամանակ։
«Արտադրողների մի մասը, սակայն, չի համարում անհրաժեշտ հաղթահարել այդ դժվարությունները և ավելացնել ծախսերը, ուստի նրանք իրացնում են իրենց հումքը այն ընկերություններին, որոնք այն վերամշակում են, համապատասխանեցնում եվրոպական չափանիշներին և արտահանում լիովին պատրաստ արտադրանք», – նշել է Աթոյանը։
Նրա խոսքով՝ ներկայումս արտադրության 40%-ը գնում է Ռուսաստան, 30%-ը՝ իրացվում է Հայաստանում, իսկ մնացած մասնաբաժինը՝ այլ ուղղություններով։
ՀԿ-ի ղեկավարը հավաստիացրել է, որ համային և այլ հատկանիշների տեսանկյունից հայկական արտադրանքը գերազանցում է բազմաթիվ երկրների արտադրողների արտադրանքին, որոնք այն մատակարարում են Ռուսաստան։
Աթոյանը նաև մատնանշել է Եվրոպայում հայկական արտադրանքի հանրահռչակման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը՝ պետական կամ մասնավոր ֆինանսավորմամբ փառատոնների և այլ միջոցառումների անցկացման, ինչպես նաև իրացման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ պետական մակարդակով ակտիվ աշխատանքի անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ անցած ամիս Ռուսաստանը սահմանափակել էր Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնարդյունաբերական արտադրանքի մատակարարումները։