Իրանը ներքաշել է ագրեսորներին մաշող պատերազմի մեջ
Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը հասել է իր գագաթնակետին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված վերջնագրի ժամկետը, որը վերաբերում էր Իրանի էլեկտրակայաններին հարվածելու սպառնալիքին, սպառվում էր Թեհրանի ժամանակով վաղը՝ առավոտյան ժամը 05:45-ին։
Ի պատասխան՝ Իրանը պաշտոնապես հայտարարել էր, որ կոչնչացնելու է Իսրայելի և Պարսից ծոցի արաբական միապետությունների էներգետիկ համակարգերը։ Այս իրադարձությունները, եթե տեղի ունենային, կհանգեցնեին տարածաշրջանային պատերազմի բոլորովին նոր փուլի և մակարդակի, որտեղ կարմիր գծերը կվերանային։
Այսպիսի սցենարի հնարավոր հետևանքներից մեկը Բաքու-Ջեյհան նավթամուղի և հարակից ենթակառուցվածքների վրա հարվածն էր։ Իրանը, ամենայն հավանականությամբ, կդադարեցներ Թուրքիայի տարածքով դեպի Իսրայել հոսող նավթի անդադար մատակարարումը։ Այս քայլը տրամաբանական է, քանի որ անիմաստ կլիներ այրել Ծոցի ողջ նավթն ու գազը, որը չի ուղղվում Իսրայել, բայց խնայել այն նավթամուղը, որն ապահովում է Իսրայելի նավթամատակարարման շուրջ 50 տոկոսը։
Այսպիսով, Թրամփը հինգ օրով հետաձգեց իր սպառնալիքի իրականացումը՝ ձևականորեն հղում անելով իբր Իրանի հետ ընթացող բանակցություններին։ Սակայն Իրանական կողմը հերքել է այդ տեղեկությունը՝ այն որակելով որպես կեղծ նորություն։ Հետևաբար, Թրամփի սպառնալիքը շարունակում է մնալ ուժի մեջ, և հինգ օր անց՝ կամ նույնիսկ ավելի շուտ, ԱՄՆ օդուժը կարող է իսկապես հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին՝ դրանից բխող բոլոր վերոնշյալ հետևանքներով։
Այս իրավիճակում Հայաստանի պատրաստվածությունը նման տեկտոնիկ տարածաշրջանային զարգացումների նկատմամբ հարցը հռետորական է։ Ինչպես հայտնի է, ՀՀ իշխող խմբակը շարունակում է ժամանակը վատնել՝ զվռնելով հասարակական տրանսպորտում և ճանապարհին ինչ պատահի խժռելով։
Իրավիճակը նաև ցույց է տալիս, որ Իրանը, չպարտվելով, ակտիվորեն ներքաշել է ագրեսորներին մաշող պատերազմի մեջ։ Իրանը զգալի կորուստներ է կրել, սակայն շարունակում է ցավոտ հակահարվածներ հասցնել թե՛ Իսրայելին, թե՛ Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին, և թե՛ Ծոցի երկրներին, որոնք փաստացի սատարում են ամերիկա-իսրայելյան ագրեսիային։ Ավելին, մասամբ փակելով Հորմուզի նեղուցը՝ Իրանը ծանր հարված է հասցրել համաշխարհային տնտեսությանը, ներառյալ արևմուտքին։
Այսպիսով, կարելի է պնդել, որ պատերազմի այս առաջին երեքշաբաթյա փուլում պարտված կողմը ԱՄՆ-ն ու Իսրայելն են, և նախաձեռնությունն անցել է Իրանին։ Գիտակցելով, որ իրենց հասարակությունները պատրաստ չեն երկարատև պատերազմի, ԱՄՆ-ն և Իսրայելը, ամենայն հավանականությամբ, կփորձեն կիրառել նոր ռազմավարություն՝ նպատակ ունենալով Իրանին պարտադրել կապիտուլյացիա։ Եվ Իրանի էլեկտրական ենթակառուցվածքների համակարգային ոչնչացումը, ըստ երևույթին, հենց այդ ռազմավարության բաղադրիչներից մեկն է։