Ճգնաժամը դռներն է բացելու Իրանի և Թուրքիայի ցեմենտի առջև, եթե «Արարատցեմենտի» որակը կտրուկ նվազի
Հայաստանում իրականացվող լայնածավալ շինարարության համար տեղական ցեմենտի որակը կարևորագույն ապահովում է շինարարական ընկերությունների համար։ Սակայն, ինչպես նշում են տնտեսագետները, «Արարատցեմենտի» արտադրական գործունեության շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը կարող է ունենալ ծանր հետևանքներ։
Վերջերս ՀՀ քննչական կոմիտեն իրականացրեց խուզարկություններ «Արարատցեմենտի» գործարանում և նրա շուրջը գործող ձեռնարկություններում։ Այս իրադարձությունների հետևանքով գործարանը մոտ չորս օր հարկադիր պարապուրդի էր մատնվել։
«Սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը նշում է, որ եթե «Արարատցեմենտի» արտադրանքի որակը կտրուկ կփոխվի, առաջինը դա կնկատեն շինարարները։ Սակայն, նրա կարծիքով, ավելի լուրջ խնդիրը կլինի շուկայում առաջացող ճգնաժամը։
«Եթե տեղական արտադրողը չի կարողանում ապահովել շուկան որակով և ծավալով, մենք կստիպվենք դռները բացել Իրանից կամ Թուրքիայից ներմուծվող ցեմենտի դիմաց»,- ասում է տնտեսագետը։
Նա նշում է, որ այս պահին Հայաստանը շատ հաջողությամբ է պահպանում տեղական արտադրության առաջնությունը շինարարության ոլորտում։ Պետեկամուտների կոմիտեի տվյալներով, «Արարատցեմենտը» 2026թ-ի առաջին եռամսյակում եղել է խոշոր հարկատուների առաջին հարյուրյակում։
Մակարյանը հիշեցնում է, որ կառավարությունը նույնիսկ մաքսատուրքերն էր ավելացրել, որպեսզի աջակցի տեղական արտադրողին և կրճատի Իրանից ներմուծվող էժան ցեմենտի ծավալները։ Նրա դիտարկմամբ, ներկայիս իրավիճակը հակասում է այդ ռազմավարությանը և կարող է մեծ վնաս հասցնել տեղական արտադրությանը։
Տնտեսագետը նաև ընդգծում է, որ «Արարատցեմենտը» բացի իր մի քանի հարյուր մշտական աշխատակիցներից, նաև հազարավոր միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների հետ է համագործակցում։ Գործարանի կայունությունը, ըստ նրա, ապահովում է նաև այդ ձեռնարկությունների գոյությունը և աշխատատեղերի ստեղծումը։
«Հետևաբար, երբ խոսում ենք գործազրկության մասին, պետք է հաշվի առնել նաև այդ 1000 ՓՄՁ-ները, որոնք ևս իրենց գոյությունը պահպանում են, շնորհիվ «Արարատցեմենտի» գործունեության»,- շեշտում է Մակարյանը։
Նա նաև նշում է, որ պետականացումը, որը կառավարությունը պլանավորում է իրականացնել, պետք է լինի հիմնավորված և ուղղված կոնկրետ խնդիրների լուծմանը։ Պետությունը պետք է ներդրումներ կատարի, տեխնոլոգիա փոխի, իսկ եթե դա չի անում, պետք է գոնե պահպանի արտադրանքի որակը։
«Պետական կառավարումը բիզնեսում միշտ չէ, որ լավագույն տարբերակն է»,- եզրափակում է տնտեսագետը՝ հիշեցնելով ՀԷՑ-ի պետականացման անհաջող փորձը։