Իսրայելի «պատմական հիշողությունը» և հայոց ցեղասպանության շահարկումը
Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի հայտարարությունը՝ կառավարության հաջորդ նիստում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևի նախագիծ ներկայացնելու մասին, պայմանավորված է Թուրքիայի հետ երկրի հարաբերությունների վատացմամբ։ Այս կարծիքը հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոռ Գևորգյանը՝ վերլուծելով վերջին իրադարձությունները։
Ըստ պատմաբանի՝ Իսրայելը ներկայացնում է նոր հայտ, որի հիմքում դրված է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Սա, նրա խոսքով, ուղիղ հարված է Թուրքիայի շահերին և լիովին համապատասխանում է թուրք-իսրայելական հարաբերությունների լարվածության տրամաբանությանը։
Հարաբերական անդորրը Թել Ավիվ–Անկարա հարաբերություններում խախտվեց 2023 թվականին՝ Գազայի վրա հարձակման հետևանքով, երբ Թուրքիան Իսրայելի գործողությունները որակեց որպես ցեղասպանություն։ Իսրայելը, ըստ Գևորգյանի, փորձում է օգտագործել այս իրավիճակը որպես շահեկան գործիք՝ ճնշում գործադրելու համար։
Պատմաբանը նաև նկատում է, որ Իսրայելը վերջին շրջանում շատ հաճախ օգտագործում է «պատմական հիշողություն» բանաձևը՝ որպես դիվանագիտական և տեղեկատվական քաղաքականության կարևորագույն գրավական։ Այս համատեքստում նա նշում է Իսրայելի ներքաղաքական կոնյուկտուրան, որտեղ գիտական հանրության մեջ ձևավորվել է միտք, թե եթե Իսրայելը ճանաչում է Հոլոքոստը, ապա պարտավոր է ընդունել նաև աշխարհում տեղի ունեցած մյուս ցեղասպանությունները։
Գևորգյանը խորհուրդ է տալիս Իսրայել-Թուրքիա հարաբերությունների մասին խոսելիս չմոռանալ Ադրբեջանի գործոնի մասին։
Ինչ վերաբերում է Հայաստանին, պատմաբանը կարծում է, որ պետք է հավասարակշռված հաշվարկի տեսակետից նայել այս հարցին՝ անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի կառավարությունը հայտարարել է, թե Ցեղասպանության ճանաչումը չի համարվում արտաքին քաղաքական առաջնահերթություն։ Նա նշում է, որ այս հարցը ուղիղ վերաբերելիություն ունի հայ ժողովրդի պատմական հիշողությանը և պահանջում է մասնագիտական մոտեցում՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական շահերի։