«Հայաստան» դաշինքը կներկայացնի իր դիրքորոշումը խորհրդարանում

Սահմանադրական դատարանի վճռից հետո «Հայաստան» դաշինքը որոշել է վերցնել պատգամավորական մանդատները՝ ընդդիմության միասնական դիրքորոշում ունենալու և պայքարը շարունակելու տրամաբանությամբ։

Մեր գնահատականը մնում է անփոփոխ։ Սահմանադրական դատարանի որոշումը չի սրբագրում ընտրական կեղծիքները և չի լուծում ձևավորվող իշխանության լեգիտիմության հարցը։ Վերարտադրված վարչախումբը զուրկ է լեգիտիմությունից։

Մանդատների վերցնելը նպատակ ունի վիճարկելու իշխանության ներկայացվածությունը Ազգային ժողովում և կառավարություն ձևավորելու նրա իրավունքը, այլ ոչ թե ընդդիմության ստացած ձայները։ 550 հազարից ավելի քաղաքացիների՝ ընդդիմությանը տրված արժանապատիվ քվեն խիստ պարտավորեցնող է։

Պատգամավորական կարգավիճակը դիտարկվում է որպես լրացուցիչ գործիք՝ իրավական և քաղաքական գործիքակազմ, որը թույլ կտա իշխանության հակապետական ծրագրերի դեմ պայքարել։ Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն։

Մենք խորհրդարանում ներկայացնում ենք քաղաքացիների իրավունքների պաշտպանության, նրանց խնդիրների բարձրաձայնման և լուծումներ առաջարկելու գործիք։ Այն ծառայելու է հանրության և միջազգային դերակատարների հետ կապերի ամրապնդմանը, միջազգային հարթակներում այլընտրանքային մոտեցումների ներկայացմանը, ինչպես նաև հանրային լայնածավալ համախմբմանն ու դիմադրության կազմակերպմանը։

«Հայաստան» դաշինքը խորհրդարան է գործուղելու գաղափարական և անկոտրում քաղաքական թիմ, որը պատրաստ է ստանձնել իր բաժին պատասխանատվությունը։ Պայքարը և դիմադրությունը այլընտրանք չունեն։

Մեր խորհրդարանական գործունեության հիմնական ուղղություններից մեկը «Հայաստանի Սահմանադրության պարտադրված փոփոխությունների կանխումն» է։ Մենք պարտավորվում ենք ողջ գործիքակազմով և հանրային մոբիլիզացիայով հակազդել ցանկացած փորձի, որը նպատակ ունի փոխել Մայր օրենքը և հարվածել Հայաստանի ինքնիշխանությանը։

You may also like...