Պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ սոփեստները պետություններ են քանդել, և Հայաստանը միակն ու բացառիկը չէ։

Հոդվածիս լեյտմոտիվը ակնարկ կամ տեսական անալիզ անելը չէ։ Կարծում եմ, ընդդիմությունը մինչ այսօր պարտվում է Փաշինյանին, որովհետև համապարփակ չի վերլուծում և համակարգված չի մոտենում այս հարցին։ Կարճ ասած՝ ընդդիմության պայքարը պիտի ավելի «գիտելիքահեն» լինի, քանի որ իրականում Նիկոլը ֆենոմեն է, որն ունի իր մեթոդաբանությունը։

Փորձենք օգտվելով պատմական փաստերից՝ տալ հիմնական նկարագրերը։ Հին Հունաստանում Աթենքի և Սպարտայի միջև ծավալված հակամարտությունն ավարտվեց Սպարտայի հաղթանակով Աթենքում իշխանությունը տնօրինող սոփեստների պատճառով։ Հենց նրանք էին սկսել եղանակ ստեղծել Աթենքում, իսկ նրանցից մեկը՝ Ալկիվիադոսը, ով կառավարիչն էր և ամենաազդեցիկ հռետորը, համոզեց քաղաքին աննախադեպ մեծ նավատորմ ուղարկել Սիցիլիա, ինչն ավարտվեց Աթենքի համար աղետով։

Հին հույները լավ գիտեին խոսքի ուժը, որն ավելի կարևոր էր դառնում Աթենքի պոլիսային դեմոկրատիայի պարագայում, որի մեխանիզմը եթե պարզեցնենք, հետևյալն էր՝ ով ում և ինչպես կհամոզեր։ Հենց այստեղ առողջ և ավանդական հռետորաբանության մեջ խառնվեց նրա աղավաղված և մանիպուլյացիոն տեսակը՝ սոփեստությունը։ Եթե մինչ այդ լեզուն և խոսքը ծառայում էին իրականությունը նկարագրելու համար, ապա սոփեստները սկսեցին կատարելագործվել՝ օգտագործելով խոսքն իրականությունը խեղելու, այլանդակելու համար։ Սոփեստները հասան կատարելության համոզիչ կերպով ապացուցելու այն, ինչ իրականությանը չի համապատասխանում։

Քանզի գիտելիքն այլևս գերակա չէր, ճշմարտությունը հայտնվեց հարվածի տակ։ Սոփեստները քաղաքական բանավեճերը վերածեցին «ով ում կզզցրեց», «ով ում ձայնը կտրեց» սկզբունքների, այլ ոչ թե ճշմարտության որոնման։ Սոփեստներն ասում էին, որ կարևոր չէ տիրապետել թեմային կամ հարցի գիտակ լինել։ Կարևոր է կարողանալ ունակ լինել խոսել թեմայից։

Մեկ այլ կարևորագույն դիտարկում. եթե գիտության մեջ փաստերն անհերքելի և անփոփոխ երևույթներ են, ապա սոփեստական հռետորաբանության մեջ ցանկացած փաստ հերքելի է, ուստի այլևս փաստ չէ։ Սա է սոփեստների «մահացու զենքը»՝ ԻՍԿԱՆԴԵՐԸ։ Փաստերի ափաշքյարա հերքումը խախտում է իրականության կայունությունն ու հավասարակշռությունը, քանդում է մարդկանց շրջապատող միջավայրը։

Սոփեստների մեկ այլ գաղտնի հնարքը խոսքում «արժեքների» և էմոցիաների վրա շեշտադրելն է։ Եվ սա տրամաբանական է. փաստերը հերքելով՝ նրանք քայքայում են իրականությունը, որը լցնում են իրենց էմոցիաներով։ Ի տարբերություն փաստերի՝ «արժեքներն» ու էմոցիաները չեն հանդիսանում իրականության անփոփոխ բնութագրիչներ, նրանք ոչ թե աշխարհի մասին տեղեկություններ են պարունակում, այլ արտահայտում են մեր սուբյեկտիվ վերաբերմունքն աշխարհի հանդեպ։ Փաստերի ոչնչացումից հետո սոփեստների «արժեքներն» ու էմոցիաները դառնում են ուղղորդիչ, որոշիչ և կայունության պատրանք ստեղծող։

You may also like...