Հայաստանը չունի Ռուսաստանին փոխարինողներ էներգետիկ և պարենային ապրանքների շուկայում

Հայաստան ներկրվող հիմնական էներգետիկ և պարենային ապրանքների պարագայում Ռուսաստանին փոխարինող ներկա պահին գոյություն չունի։ Այս եզրահանգումը հիմնված է պաշտոնական վիճակագրական տվյալների վերլուծության վրա։

Հայաստանի մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ անցած տարի Հայաստան ներմուծված 13.03 մլրդ դոլարի ապրանքներից 4.9 մլրդ դոլարը ներմուծվել է Ռուսաստանից։ Ընդ որում, ՌԴ-ից ներմուծվող ապրանքների շարքում կան այնպիսիները, որոնք այլընտրան չունեն կամ գրեթե չունեն։

Օրինակ, արծաթն ու անմշակ ալյումինն անցած տարի 100%-ով ներկրվել են միայն Ռուսաստանից։ Ոսկին, ցորենն ու ձեթը ՌԴ-ից են բերվել 99%-ով, իսկ անմշակ պլատինի ներկրումը կազմել է 98%-ը։ Բնական և հեղուկ գազի ներկրման հաշվեկշռում ՌԴ-ից ստացվածի մասնաբաժինը կազմել է 85%-ը։

Ռուսաստանից ներմուծվող խոշոր ապրանքախմբերից է նաև նավթամթերքը։ 2023-ին ներմուծված 189 մլն դոլարի նավթամթերքի 37%-ը ունեցել է ռուսաստանյան ծագում։ Նավթամթերքի ներմուծման դիվերսիֆիկացիան վերջին տարիներին տեղի է ունեցել հիմնականում Եգիպտոսից, Ռումինիայից, Բուլղարիայից, Մալթայից, ինչպես նաև՝ ավելի փոքր ծավալով՝ Վրաստանից, Հունաստանից, Կիպրոսից ներմուծումների հաշվին։ Իսկ, օրինակ, Ադրբեջանից ներկրված բենզինն անցած տարի 1 մլն դոլարից էլ պակաս է եղել։

Ցորենը, որը պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչ է, ամբողջ աշխարհին 3 հիմնական պետություն է մատակարարում՝ Ռուսաստանը, Կանադան և Ուկրաինան։ Ուկրաինայի շատ գոտիներ արդեն վաղուց Ռուսաստանի վերահսկողության տակ են, և այնտեղ գոյություն ունեն լուրջ լոգիստիկ խնդիրներ, հետևաբար, Ուկրաինան մինչպատերազմական ծավալներով այլևս չի կարողանում արտահանում իրականացնել։ Կանադայից հասկանալի է, որ Հայաստանը չի կարող ներկրում իրականացնել։ Եթե նույնիսկ տեսականորեն որոշակի չափով կարողանանք, պատկերացրեք դրանց սակագները։ Այսինքն՝ հացի գինը Հայաստանում կդառնա ուղղակի միլիոններ։

Հետևաբար, ցորենն ու ձեթը, որոնք պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից են, Հայաստանն այսօր ՌԴ–ից ներմուծում է ոչ միայն առանց մաքսատուրքի, այլև տարվա համար նախապես քվոտավորված գնով ու քանակով։ Հետևաբար, այս շղթայի ցանկացած խաթարում կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ Հայաստանի պարենային անվտանգության համար։

You may also like...