Ամերիաբանկը և ՕՊԵԿ-ի հիմնադրամը ստորագրեցին 50 միլիոն դոլարի վարկային պայմանագիր
Վիեննայում Ամերիաբանկը և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը (ՕՊԵԿ-ի հիմնադրամ) կնքեցին 50 միլիոն ԱՄՆ դոլարի գումարի վարկային պայմանագիր։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ՕՊԵԿ-ի հիմնադրամի «Զարգացման ֆորում 2026»-ի շրջանակում, որը նշանավորեց կազմակերպության հիմնադրման 50-ամյակը։
Ստորագրված պայմանագիրը նպատակ ունի աջակցելու Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորմանը։ Այս միջոցները կօգնեն ձեռնարկություններին ստանալ անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ՝ զարգացնելու իրենց բիզնեսը, ստեղծելու նոր աշխատատեղեր և ընդլայնելու գործունեությունը։
Պայմանագիրը ստորագրել են Ամերիաբանկի ֆինանսական ինստիտուտների բաժնի ղեկավար Արա Սարգսյանը և ՕՊԵԿ-ի հիմնադրամի նախագահ դոկտոր Աբդուլհամիդ Ալխալիֆան։
«ՕՊԵԿ-ի հիմնադրամի հետ մեր երկարամյա գործընկերությունը հասել է իր գագաթնակետին՝ ստորագրվելով այս 50 միլիոն դոլարի գումարի վարկային պայմանագիրը։ Այս համագործակցությունը մեր բանկի համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությունը մեր ռազմավարության հիմնական ուղղություններից է։ Մենք բարձր ենք գնահատում այս նոր հնարավորությունը, որը թույլ կտա մեզ աջակցել ավելի մեծ թվով ձեռնարկությունների՝ նպաստելով նրանց կայացմանը, զարգացմանը և մրցունակության բարձրացմանը», – նշել է Արա Սարգսյանը։
Ամերիաբանկը և ՕՊԵԿ-ի հիմնադրամը համագործակցում են 2015 թվականից՝ նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Մինչև այժմ կնքվել են ընդհանուր առմամբ 125 միլիոն ԱՄՆ դոլարի պայմանագրեր, որոնք ուղղված են եղել տնտեսության տարբեր ոլորտներում գործող ձեռնարկությունների ֆինանսավորմանը՝ ներառյալ արտադրությունը, սննդի արդյունաբերությունը, առևտուրը և հյուրանոցային ոլորտը։