Իշխանատենչություն թե՞ օտար ծրագրի իրականացում

Նախիջևանում տեղի ունեցած միջազգային կոնգրեսը, որը նվիրված էր Արևմտյան Ադրբեջանի հարցին, ոչ թե հասարակական նախաձեռնություն էր, այլ Ադրբեջանի պետական ռազմավարական քաղաքականության հայտարարություն՝ ուղղված Հայաստանին։ Այս միջոցառումը ցույց տվեց, որ Ադրբեջանը ոչ միայն պատրաստում է իր տարածքային էքսպանսիայի քարտեզը, որը ներառում է Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի տարածքները, այլև փաստորեն պահանջում է վերադարձնել հայկական բնակավայրերը՝ դրանք դարձնելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի նախապայման։

Այս ծրագրի հիմքում ընկած է ադրբեջանցիների «վերադարձը» իրենց «պատմական բնօրրան», ինչը, ըստ էության, նշանակում է հայկական տարածքների վրա իրենց ազգային-տարածքային պահանջների հաստատում։ Այս հայտարարությունը հստակորեն արտահայտում է Ադրբեջանի ռեժիմի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ անթաքույց հավակնություն։

Այս ամենը տեղի է ունենում Հայաստանում հետընտրական զարգացումների ֆոնին, ինչը ստեղծում է տպավորություն, թե հայաստանյան հասարակությունը գտնվում է հարևան պետության իշխանությունների քաղաքական-հոգեբանական մամլիչի տակ։

Այս իրավիճակը ևս մեկ անգամ ընդգծում է հայաստանյան իշխանությունների քաղաքականության խնդիրները։ Չնայած նրան, որ նախկինում էլ Ադրբեջանի այդ ռազմավարական ծրագրի մասին հայտարարություններ է եղել, նախիջեվանյան այս միջոցառումը դրան ավելացնում է որակապես նոր բովանդակություն։ Ցավոք, Հայաստանի Վարչապետը ոչ միայն չի արձագանքում հարևանի տարածքային նկրտումներին, այլև, իր պատմագրական մոտեցմամբ, փաստացի արդարացնում է Ալիևի քաղաքականությունը՝ մերժելով մեր պատմական անցյալի վկայակոչման ցանկացած փորձ, հատկապես Արցախին վերաբերողը։

Այսպիսով, Նախիջևանում տեղի ունեցած «փառատոն-կոնգրեսը» հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա փուլի և հայաստանյան իշխանությունների հռչակած «խաղաղության դարաշրջան» քվազիքաղաքական ծրագրի իրական դեմքն է։ Այն ոչ թե խաղաղության, այլ ագրեսիվ և հանցավոր հարևան ռեժիմի կողմից մեր երկրին ուղղված մարտահրավեր է։

You may also like...